փոփոխություն աշխատանքային օրենսգրքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 12-05-2016: Ընթերցված է՝ 1648 անգամ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու հարցը:

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետը.
«4.1) որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպա­նության մարտական գործողություններին մասնակցելիս.».
2) 2-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի,» բառերով.
3) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասը.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողը ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ աշխարհազորային համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:»: 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel